Մադլեն Օլբրայթը 79 տարեկան է, նա հագնում է բարձրակրունկ կոշիկներ և էլեգանտ զբոսակոստյում, շատ հստակ է ձևակերպում մտքերը: «Ես այստեղ ես եմ պարզապես ու այլևս դիվանագետ չեմ ու դուք դա կլսեք»՝ ասաց ԱՄՆ նախկին պետքարտուղարն ու ներկայացուցիչը ՄԱԿ-ում, երբ Վարշավայում ՆԱՏՕ-ի սամմիթի առաջին օրը իր տեսակետները ներկայացրեց Եվրոպայի մերձավոր ապագայի մասին: Նրա առաջ վրան էր՝ լեցուն լրագրողներով, դիվանագետներով, ներկա ու ապագա գեներալներով, փորձագետներով, նրա առաջ էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Լեհաստանի նախագահը: Երբ Պրահայում ծնված, Ադոլֆ Հիտլերից, հետո նաև կոմունիստական ռեժիմից փախուստ ապրած կինը, որ սեփական փորձով է ստուգել եվրոպական պատմության մութ գլուխները, վերլուծում էր Եվրոպայի անվտանգության ներկա վիճակը, նրան ուշադիր լսում էին:
Երբ նա ավարտեց, բոլոր ներկաները ծափահարելով ոտքի կանգնեցին: «Մենք դժվար ժամանակներ ենք ապրում: Ռուսաստանը խախտում է միջազգային օրենքներն ՈՒկրաինայում և զինվում է ՆԱՏՕ-ի դեմ: Հարավում սպառնում են ահաբեկիչներն ու դաժան բռնապետերը: Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի լուծումը ստեղծել է խզում ու քսենոֆոբիա»՝ արձանագրում էր Օլբրայթը: Վրանում համակ ուշադրություն էին դարձել: Իսկ կինը, որ այսօր փարոս է աշխարհի հազարավոր կանանց համար, շարունակում էր. «Բրեկզիտը հետևանք էր քաղաքական տհասության, ԱՄՆ-ում մենք էլ ունենք մեր սեփական պրոբլեմները: Մտահոգիչ է, երբ նախագահի թեկնածուներից մեկը կասկածի տակ է դնում ՆԱՏՕ-ի բուն գոյությունը: Այդ ամենը ներկայացնում է ապագայի միտումները»:
«Բարդ ու սպառնալից գլոբալացման մեջ մարդիկ որոնում են վթարային արգելակ, մենք պետք է դեմ լինենք այդ գլոբալացմանը: Բայց մենք պետք է ընդունենք, որ ինքներս այդ ամենը բավականաչափ լավ չենք անում»: Օլբրայթը վերջին տարիների զարգացման պատկերը ներկայացրեց իբրև պայքար քաոսի դեմ, որին ոչ ոք չէր սպասում: «Զարմանալի է, որ ամեն ինչ զարգացավ բացարձակապես ոչ այնպես, ինչպես մենք սպասում էինք: 10 տարի առաջ մենք ընկալում էինք Եվրոպայի անվտանգությունը իբրև ինքնին հասկանալի և ուշադրությունը կենտրոնացնում էինք Եվրոպայի սահմաններից դուրս: Հիմա մենք տեսնում ենք հուզումների ու քաոսի տասնամյակ, հարցը մեկն է՝ տրվելո՞ւ ենք քաոսին, թե՞ կկարողանանք հանգստություն ստեղծել այդ քաոսում»: Օլբրայթը չի կասկածում դեղամիջոցին: «Դա պահանջում է առաջնորդություն և պահանջում է գործողություններ: ՆԱՏՕ-ն կարող է լինել ապագայի վճռական գործոն, եթե մենք բարեփոխենք և օգտագործենք: ՆԱՏՕ-ն հանդես է գալիս հանուն ժողովրդավարության և ազատության ընդդեմ քաոսի: Բայց իդեալների պաշտպանությունը քաջություն է պահանջում, որի համար ալյանս է պետք»:
Օլբրայթը պատմեց, որ ինքը իբրև պետքարտուղար ներկա է եղել Վարշավյան պակտի նախկին անդամներից առաջին երեքի ՆԱՏՕ-ին անդամակցմանը: Լեհաստանին, Սլովակիային, Հունգարիային հետևեցին նախկին ռազմական ալյանսի մյուս անդամները, որ ստեղծել էր ԽՍՀՄ-ը: «Ինձ համար բացարձակապես անձնական ապրում է այստեղ, Վարշավայում, ՆԱՏՕ-ի առաջին հանդիպմանը ներկա գտնվելը: Այս քաղաքը պետք է բոլորովին այլ իրողությունների հետ կապվի, ոչ միայն անցյալի, որ ննջել է Վարշավյան պակտի սայլում»՝ ընդգծեց Օլբրայթը՝ շարունակելով բարձրամակարդակ հանդիպումներում քննարկված թեմաները՝ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ռուսաստանի, դա նախկին պետքարտուղարի ու դիվանագետի խոսք էր, որ հիմա միանգամայն ազատ մարդ է: «Պուտինի ներկայացրած աշխարհի պատկերը թունավորված է, նրա նպատակն է մեզ բաժան-բաժան անելը: Բարեբախտաբար, ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը դրան խանգարելու համար շատ քայլեր են արել: Ռուսաստանը պետք է հասկանա, որ իր սեփական գործողությունները երկարաժամկետ նշանակություն ունեն հենց իր համար: Չորս գումարտակները Բալթիկայում ու Լեհաստանում կարևոր քայլ էին: Նույնն են ԱՄՆ-ի երաշխիքները Եվրոպայի համար և միլիարդավոր դոլարներ ներդնելը ամերիկյան զորքերում: Հույս ունեմ, որ Եվրոպայի գործողությունները համապատասխան կլինեն»:
«Կան մարդիկ, որ վախենում են այս զարգացումից ու զգուշանում, որ դա կսադրի Պուտինին: Բայց Պուտինին սադրանքներ պետք չեն, նա ինքը սադրիչ է և մեզ ուժեղ պատասխան է պետք»: Օլբրայթն ընդգծեց, որ երկխոսությունը նույնպես պետք է, եթե Եվրոպան քաոսից դուրս գալ է ուզում: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, ոչ մի երկիր մեր թշնամին չէ, ՆԱՏՕ-ն բաց է Ռուսաստանի հետ համագործակցության համար, բայց պետք է հասկանա, որ ներկա պահվածքի գինը տնտեսական պատժամիջոցներն են: Երկխոսությունը հնարավոր է, բայց պետք է լինի երկխոսություն մարդկանց, որ խոսում են միմյանց հետ և լսում են միմյանց: Ռուսական կասկածամտությունը երկխոսությունը դարձնում է դժվար, բայց ոչ անհնար»: Եվ այդ պահին ամբողջ վրանը բարձր ծափահարություններով ոտքի կանգնեց:
Յակոբ ՍՎԵՆԴՍ, Politiken, Դանիա
Հ.Գ. 79 տարեկանում ամեն ինչ կարող ես ասել, բայց նվազագույնը Մադլեն Օլբրայթ պիտի լինես, որ քեզ ծափահարեն: Մնացածը ինքնին հասկանալի է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ